Հասարակություն

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ մետալուրգիա, հանքարդյունաբերություն, արևային և վերականգնվող էներգետիկա, կանաչ տնտեսություն, ինչպես նաև արդյունաբերական պարկերի կառուցում։  

Ներկայացնելով Գյումրիի «չոր նավահանգստի» նախագիծը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է կորեական կողմին դիտարկել այդ նախագծում կորեական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։ 

Նախարարը ներկայացրել է նաև R&D նորարարական գրասենյակների հիմնադրման համար Հայաստանում ստեղծված բարենպաստ պայմանները։ Տեղեկանալով գյուղատնտեսության ոլորտում գործող պետական աջակցության ծրագրերի մասին՝ պատվիրակության անդամները հնարավոր են համարել արդյունավետ համագործակցություն ծավալել նաև այդ ուղղությամբ։