Քաղաքական

«Կարևոր քայլ է Երևանում Կանադայի դեսպանատան բացումը». Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Կանադայի պատվիրակության անդամ Սալմա Աթաուլլահջանին: 

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկրների միջև բարեկամական կապերին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա, կարևորել Կանադայի հայ համայնքի նշանակալի ներդրումը հայ-կանադական համագործակցության ամրապնդման գործում:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանի և Կանադայի երկկողմ հարաբերությունների ամրապնդման ևս մեկ կարևոր քայլ է Երևանում Կանադայի դեսպանատան բացումը, որը կարող է դիտարկել որպես երկու երկրների կառավարությունների համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետևանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:

«Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ և այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարևորությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային իրավիճակին, երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր: