Քաղաքական

ԼՂՀ ստեղծման և լուծարման քրոնիկոն. իրավական է արդյո՞ք տեղի ունեցածը

2023թ․ սեպտեմբերի 28-ին Արցախի Ազգային ժողովի 22 պատգամավորների կողմից ընտրված նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի՝ մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարվում են բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Radar Armenia-ն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման իրավական հիմքերը, ինչպես նաև հանրային ներկապնակի տարբեր շերտերի և գործիչների գնահատականը հիմնահարցի առնչությամբ։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը 

• 1989թ. դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստում ընդունվեց «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշումը,

• 1991թ. սեպտեմբերի 2-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,

• 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, և ընտրական ձայնի իրավունք ունեցող 132․328 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցեց 108․736-ը (82.2%), 108․615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը:

• 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը և Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ հանրապետություն։

Հայաստանի դիրքորոշումը 

• 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, հիմնվելով 1989թ․ դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

• ՀՀ Գերագույն խորհուրդը 1992թ․ հուլիսի 8-ին ընդունեց նաև որոշում, որով Հայաստանի համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ–ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ 

Վերադառնալով ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագրին, որով ԼՂՀ-ն 2024թ․ հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, Radar Armenia-ն ներկայացնում է փաստի իրավական ու քաղաքական գնահատականները։ 

Պառլամենտի և նախագահի մանդատը

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը ստորագրված փաստաթղթի իրավազորության առնչությամբ խնդիրներ է տեսնում, բայց կարծում է, որ դրա վերաբերյալ պետք է գնահատական հնչեցնեն սահմանադրական իրավունքի մասնագետները։ Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ նախագահը ներկայացուցչական մարմին է, իսկ ամբողջ բնակչության անունից իրավունք ունի կարծիք արտահայտել պառլամենտը և առաջնային մանդատ ունեցող մարմինը, այլ ոչ՝ գործադիր իշխանության ղեկավարը։

Սահմանադրությունն ու իշխանության յուրացումը 

«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ, հղում անելով ԼՂՀ Սահմանադրությանը, որի առաջին հոդվածն ասում է՝ «Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է», իսկ 163 հոդվածում նշվում է, որ Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն, նշում է․ «Այս վերջին հոդվածը նշանակում է, որ Արցախի Հանրապետությունը, որպես պետություն, չի կարող դադարել գոյություն ունենալուց, և անգամ Արցախի ժողովուրդը չի կարող նման որոշում կայացնել, քանի որ այն, որ Արցախի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական սոցիալական պետություն է, սահմանադրության անփոփոխելի հոդվածների շարքին է դասվում: Երկրորդ հոդվածը նշում է, որ իշխանության յուրացումը հանցագործություն է։ Քննության առարկա պետք է դառնա, թե արդյո՞ք Շահրամանյանը, ստորագրելով նման հրամանագիր, չի յուրացրել իշխանությունը», - պարզաբանում է Հակոբյանը և հավելում, որ այդ հրամանագիրն իրավական ուժ չունի։

Նախագահի հաշվետվողականության հարցը

Հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի Գերագույն խորհրդի և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը անկախ է հռչակվել առաջին գումարման Գերագույն խորհրդի 1992թ. հունվարի 6-ի որոշմամբ և եթե ստեղծված իրավիճակում չէր կարող գոյություն ունենալ, ապա նման որոշում կարող էր ընդունել միայն ԼՂՀ ԳԽ իրավահաջորդը՝ հինգերորդ գումարման Ազգային ժողովը․ «Խնդրի իրավական կողմին չեմ անդրադառնում, դա սահմանադրագետների գնահատման տիրույթում է: Կարող եմ միայն ընդգծել, որ Սամվել Շահրամանյանը նախագահ է ընտրվել Ազգային ժողովի որոշմամբ, ուստի հաշվետու է նրան»:

Ընդդիմության գնահատականը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն էլ ասում է, որ որևէ մարդ չի կարող հրամանագրի կամ որոշման միջոցով լուծարել Արցախի կամ Հայաստանի Հանրապետությունները. «Ըստ այդմ` արդեն խնդիր կա, և ակնհայտորեն հրամանագրով չի կարող պետությունը լուծարվել։ Եթե թեման դիտարկում ենք այն տեսանկյունից, թե արդյո՞ք այդ զավեշտալի հրամանագիրը չեղարկելու հնարավորություն կա, որպեսզի նաև զսպվի ադրբեջանական քարոզչությունը, որը հիմա իրականացվում է, բնականաբար, այո, կան ճանապարհներ, և կարելի է այդպես անել։ Բայց ասել, որ այդ հրամանագրի հիման վրա է Արցախը կազմալուծվել կամ այդ հրամանագրի հիման վրա է Ադրբեջանը վերահսկողություն սահմանել ամբողջական Արցախի նկատմամբ, աբսուրդի ժանրից է»։

Իշխանության վերաբերմունքը

Այս համատեքստում հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի գիտություն էր ընդունել հրադադարի հայտարարությունը, որն ընդունվել էր ԼՂ իշխանությունների կողմից. «Մենք ծանոթացանք տեքստին, և քանի որ ՀՀ-ն այդ տեքստի ձևավորմանը որևէ կերպ չի մասնակցել և քննարկումների կողմ չի եղել, առաջին նկատառումը հետևյալն է, որ տեքստում խոսվում է ԼՂ-ից ՀՀ զինված ուժերի մնացած ստորաբաժանումների դուրսբերման մասին: Այս փաստը մեզ համար այնքան էլ հասկանալի չէ, այն պայմաններում, երբ բազմիցս ասել ենք, որ 2021 թվականի օգոստոսից ՀՀ-ն ԼՂ-ում զորք չունի, բայց, ամեն դեպքում, մենք այս հայտարարությունը և ԼՂ իշխանությունների կողմից դրա ընդունումը ընդունում ենք ի գիտություն»։

Հայկ Մագոյան