Քաղաքական

Բրյուսել-Մոսկվա․ միջնորդական մրցապայքարի նոր փուլի յուրահատկությունները. Շահան Գանտահարյան

Բրյուսել-Մոսկվա․ միջնորդական մրցապայքարի նոր փուլի յուրահատկությունները. Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Պաղեստինա-իսրայելական ռազմական գործողությունների ընթացքում Իսրայել են այցելում ԱՄՆ նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ աջակցություն հայտնելով Իսրայելին։ Այս այցերը ռազմական գործողությունների հետագա զարգացման վրա ի՞նչ ազդեցություն կարող են թողնել։

- Հիմնականը ԱՄՆ-ի այցն է կամ դիրքորոշումը, որովհետև Բրիտանիան ածանցյալի կարգավիճակ ունի՝ հետևելով Վաշինգտոնին։ ԱՄՆ–ն պաշտոնապես զորակցում է, մարտանավեր է ուղարկում և ռազմական օժանդակություն։ Մյուս կողմից հայտարարում է, որ ԱՄՆ զինվորական ներկայությունը տարածաշրջանում ավելի շատ զսպիչ գործոնի հանգամանք ունի, քան պատերազմը մասշտաբայնացնելու։ Նկատելի է Թել Ավիվի և Վաշինգտոնի շահերի որոշակի անհամատեղելիությունը։ Դրա ամենահանգուցային կետը Թեհրան-հավաքական Արևմուտք ապալարվածությունն է կամ, նույնիսկ, երկխոսությունը, կամ, ինչ–որ տեղ, համաձայնությունը։ Մինչդեռ Թել Ավիվն ու Թեհրանը շարունակում են իրար հանդեպ մնալ գլխավոր սպառնալիքներ։

- Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր դեպքում իրանական կողմը կմիջամտի ռազմական գործողություններին, և այդ սցենարի պարագայում ի՞նչ հետևանքների ականատես կլինենք Հարավային Կովկասում։

- Չեմ կարծում, որ այս պահին Իրանը կմիջամտի․ անգամ իր ազդեցության ներքո գտնվող լիբանանյան «Հեզբոլլահ»–ը լիարժեք չի ներգրավվում պատերազմին, որից, հնարավոր է, դժգոհ են «Համաս»-ում։ Լիբանանում կայացած ծովային սահմանազատման համաձայնությունն, ըստ էության, Իրան-ԱՄՆ համաձայնություն էր։ Ուզում եմ ասել, որ չի բացառվում, որ ԱՄՆ-Իրան խոսակցություն կա՝ պատերազմին տարածաշրջանային տարողություն չտալու։

- ՌԴ նախագահի պեկինյան այցը, Լավրովի՝ Հյուսիսային Կորեա այցելությունն աշխարհաքաղաքական ի՞նչ նշանակություն ունեն, ի՞նչ խմորումներ են տեղի ունենում։

- Իրադրությունը կարող ենք դիտարկել նոր աշխարհակարգային առանցքի ձևավորման գործընթացում։ Հակաամերիկյան կամ ԱՄՆ-ի ազդեցությունից դուրս գտնվող այլ երկրների հարաբերություններն ակտիվանում են, սակայն չեմ կարծում, որ բոլորի դիրքորոշումը միանշանակ է։ Նոր բևեռը Պեկինն է, և նա վարում է դանդաղ, տեսքով տնտեսական, ըստ էության՝ քաղաքական, ապա՝ ռազմական բևեռայնացման քաղաքականություն՝ առանց ներքաշվելու աշխարհագրական տարբեր միջավայրերում բռնկված պատերազմներին։ Լավրովի այցը Հյուսիսային Կորեա արագ հետևանք չի ունենալու Հարավային Կովկասում, որտեղ արդեն ընթանում է աշխարհաքաղաքական գործոնների բախում։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, ապա նշել, որ այդ քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում: Սա ի՞նչ է նշանակում։

- Չմոռանանք, որ Ադրբեջանը հետզհետե իր հակաեվրոպական քայլերն ու դիրքորոշումները դեկլարատիվ առումով ուժեղացնում է։ Մյուս կողմից շարունակվում են Եվրոպա-Ադրբեջան գազային հարաբերությունները։ Պարզ է, որ Բաքուն նախընտրում է ռուսական միջնորդությունը կամ ուղղակի, չմիջնորդավորված պայմանավորվածությունը։ Ներկա տեսքով ընթանում է, մի կողմից, Երևան-Եվրոպա, մյուս կողմից՝ Բաքու-Մոսկվա միջնորդական մրցապայքար։ 

- Հաշվի առնելով ռուսական գործոնը՝ ի՞նչ զարգացումներ կստանա խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։

- ՌԴ փոխարտգործնախարարը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ակնարկել էր, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ։ Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերականգնման ակնարկ է։ Սակայն չեմ կարծում, որ ներկա պայմաններում դա իրականանալի է։ Իսրայելա-պաղեստինյան պատերազմի հետագա ընթացքը որոշակի ազդեցություն կարող է ունենալ Ուկրաինայի պատերազմի արդյունքների վրա, ինչն էլ կազդի Հարավային Կովկասում ռուսական գործոնի ազդեցիկության կամ չեզոքացման վրա։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական