Քաղաքական

ՀՀ-ԵՄ հարաբերություններում ավելացել է նաև անվտանգության բաղադրիչ. վարչապետ

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ցանկանում են խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները. «Չենք ուզում դա որևէ կերպ հակադրել ներտարածաշրջանային հարաբերությունների խորացման, զարգացման տեսլականի հետ, և այս առումով կարծում եմ՝ հենման կետերը քիչ չեն»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը հանձնառու է ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիակատար իրականացմանը. «Վստահ եմ, որ ԵՄ-ն ու ՀՀ-ն չեն սպառել համագործակցությունը որակական նոր բովանդակությամբ համալրելու, ընդլայնելու և նոր մակարդակի հասցնելու հնարավորությունները»։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ավելացել է նաև անվտանգության բաղադրիչ՝ ի դեմս ԵՄ քաղաքացիական առաքելության, որը մոնիտորինգ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։