Քաղաքական

«Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստանը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի և էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետև խաղաղության խաչմերուկը ենթադրում է նաև խողովակաշարերի և էլեկտրագծերի անցում». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար կարևոր են այդ լուծումները, որովհետև 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ 

Ըստ նրա՝ Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու հիմք չկա. «Կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նորանոր տարածքներ օկուպացնելու կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է տրանսպորտային կոմունիկացիաների մասով, փոխադարձության սկզբունքի պահպանմամբ, գնալ ընթացակարգային պարզեցումների. «Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով՝ հույս ունենալով նման փոխադարձության»։ 

Նա ասել է, որ պատրաստ է փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև անկլավների հարցը։

«Պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»,- շեշտել է նա։