Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Բիշքեկում հանդիպեցին ՌԴ և Ադրբեջանի նախագահները։ ՀՀ վարչապետը չգնաց Բիշքեկ։ Սա քաղաքական ի՞նչ ժեստ էր և ի՞նչ հետևանք կարող է ունենալ։
- Բիշքեկ չգնալու պաշտոնական հիմնավորումներ չկան, սակայն կան համեմատական զուգահեռներ։ Գրանադայում Հայաստան-Ադրբեջան խնդիրները քննարկվում են առանց Ադրբեջանի ներկայության, հիմա՝ Բիշքեկում, առանց Հայաստանի։ Պետք է նկատել երանգային տարբերությունը։ Ալիևը հայտարարում է, որ Գրանադա չի գնում, որովհետև Ֆրանսիան միակողմանի է դիրքորոշվել․ իհարկե, կային դրդապատճառային այլ հանգամանքներ։ Իսկ Երևանը պաշտոնապես չի բացատրում, թե ինչու չի գնում Բիշքեկ։ Կարծում եմ՝ լուռ ուղերձն այն է, որ Մոսկվայի միջնորդությամբ և երաշխավորությամբ կայացած համաձայնությունները առ ոչինչ են դառնում, դրա համար էլ այլ միջնորդական ձևաչափ է պետք։
- Ալիևը ՀՀ վարչապետի՝ Բիշքեկ չգնալու համատեքստում ասել է․ «հարց է առաջանում՝ Հայաստանն ուզո՞ւմ է խաղաղություն»։ Սա պատերազմի ուղիղ սպառնալիք կամ նախազգուշացու՞մ չէ Հայաստանին։
- Նույն հարցը կարող է վերադարձվել Ալիևին։ Եթե Գրանադա չի գնում, դա նշանակում է, որ խաղաղություն չի՞ ուզում։ Այստեղ ուղերձը ՌԴ-ին է ուղղված՝ շեշտելով, որ Բաքուն կողմ է միայն ռուսական միջնորդությանը։ Մեծ հաշվով, Անկարա-Մոսկվա համաձայնության պարունակում պիտի դիտարկել «ռուսական միջնորդություն կամ ոչ մի միջնորդություն» ադրբեջանական խաղի այս հանգրվանը։
- Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը հրաժարվի ՌԴ միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ուղիղ բանակցությունները։ Սա ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանը բացի ռուսական հարթակից այլ հարթակ չի՞ ճանաչում, և հարցը հանգուցալուծում կարող է ստանալ բացառապես ռուսակա՞ն հարթակում։
- Չեմ կարծում, որ միանշանակ և բացարձակ ոչ մի միջնորդություն չընդունելու դիրքորոշում է․ սա դեկլարատիվ բնույթ ունի և մարտավարական խաղ է։ Չի բացառվում, որ դարձյալ Բրյուսելում հանդիպում կայանա։ Բայց կա Արևմուտքի դուրս մղման ընդհանուր միտում․ դա ամենաշատը տեսանելի է 3+3-ի համատեքստում, որի գործարկման համար թուրք-ադրբեջանական տանդեմը վերաշխուժացել է։
- ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում իր շահերն է առաջ մղում Հայաստանի միջոցով։ Որքանո՞վ են այս պնդումները մոտ իրականությանը, և, առհասարակ, ինչպե՞ս եք մեկնաբանում նրա այս հայտարարությունը։
- Լավրովի պնդումը ուղերձ է նաև Անկարային, որը ՆԱՏՕ-ի անդամ է։ Մոսկվան գիտակցում է, որ Անկարան կարող է Տրոյայի ձիու դեր վերցրած լինել։ Դրա համար զգուշացնում է, որ Անկարայի հետ Մոսկվայի հարաբերությունները կարող են փչանալ, եթե Անկարան «հիշի», որ ինքը ՆԱՏՕ-ի կարևորագույն ուժերից է, որը, Մոսկվայի հետ համաձայնելով, արդեն ներկա է Հարավային Կովկասում։
- Պաղեստինա-իսրայելական բախումը ի՞նչ զարգացումներ կունեն, երբ կողմերը հայտարարում են լուրջ գործողությունների անցնելու մասին։ Այս կոնֆլիկտը դեռ երկա՞ր կշարունակվի։
- Զսպիչ գործոններ կան, որ պատերազմը չբռնկվի և տարածաշրջանային տարողություն չունենա։ Հիմնականում զսպողները լինելու են՝ մի կողմից ԱՄՆ–ն, մյուս կողմից՝ Իրանը։ Դրա առաջին ցուցիչ ենթահողը հարավային Լիբանանն է, որտեղ գրանցվում են սահմանափակ բախումներ։ Առ այս պահը բռնկվելու նախադրյալներ չկան։
Իրավիճակը, սակայն, կարող է կտրուկ փոխվել և վերահսկողությունից դուրս գալ, եթե Իսրայելը ցամաքային ներխուժում իրականացնի Գազայի հատված։ Դա կբերի այլ ճակատների բռնկման։ Այդ առումով Իրանի արտգործնախարարի հայտարարությունը ուշագրավ է, որ չի բացառվում այլ ռազմաճակատների բացում, եթե Իսրայելը շարունակի իր ռազմական հանցագործությունները Գազայում։
Հայկ Մագոյան