Քաղաքական

«Ադրբեջանի կողմից հարձակման, հերթական էսկալացիայի վտանգ գոյություն ունի». Դավիթ Ստեփանյան

Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։

- Ադրբեջանի նախագահը չգնաց Գրանադայի հանդիպմանը, թեև շարունակաբար Ալիևը խոսում է տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին։ Նման գործողությունները հակառակի մասին չե՞ն խոսում։

- Ալիևն իրոք ձգտում է, որ խաղաղություն հաստատվի, այլ հարց՝ ինչ պայմաններով։ Նրա այսօրվա պայմաններից է Հայաստանի տարածքային ամբողջականության վերանայումը։ Նա ունի բացահայտ նկրտումներ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, պահանջում է 8 գյուղ և էքստերիտորիալ միջանցք։ Ալիևը Գրանադա չգնաց այդ նույն պատճառով։ Որովհետև գնալով և ստորագրելով այնտեղի ճանապարհային քարտեզը՝ Ալիևը փաստացի հրաժարվում է իր նկրտումներից ՀՀ-ի նկատմամբ։ Գրանադայում նշվում է դելիմիտացիա, դեմարկացիա, կոմունիկացիաների վերաբացում՝ առանց որևէ անկլավի և առանց միջանցքային տրամաբանության հիշատակման։

- Արցախում տեղի ունեցածից հետո նոր էսկալացիայի վտանգ կա՞ սահմաններին՝ հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից քննարկվող «Զանգեզուրի միջանցք»-ը։

- Արցախում տեղի ունեցած էթնիկական զտումից հետո, այո, Ադրբեջանն ունակ է նոր էսկալացիա հրահրել, և Ալիևը այսօր փնտրտուքի մեջ է։ Նա փորձում է լեգիտիմացնել իր հարձակումը, հիմքեր ստեղծել։ Այդ հիմքերը հայտնի են․ դա անկլավների հարցն է։ Այլ բան չկա, որից Ալիևը կարող է կախվել, որպեսզի այդ հարձակման փնտրտուքը վերջանա։ Հիմա Ալիևը փորձում է ներկայացնել, իբր Հայաստանը օկուպացրել է իր տարածքները։ Սա բացահայտ սուտ է։ Ինքն էլ է սա հասկանում և հենց սրա համար էլ չի գնացել Գրանադա, որովհետև այնտեղ պետք է հրաժարվեր սրանից։ 

- Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Հայաստանն այժմ պետք է ընտրություն կատարի տարածաշրջանային համագործակցության և իր հարևանների նկատմամբ անօրինական ու անհիմն տարածքային պահանջների միջև։ Նաև նշել, թե չափազանց կարևոր է չաջակցել Հայաստանի ռևանշիստական փորձերին։ Ի՞նչ է սա նշանակում, Հայաստանի կողմից ռևանշիզմի փորձ եղե՞լ է։

- Բայրամովի հայտարարությունը Ադրբեջանի հերթական փորձն է և արտացոլում է ադրբեջանական քաղաքականությունը՝ հիվանդ գլխից ամեն ինչ գցել առողջ գլխի վրա։ Բոլորը գիտեն, որ 2003 թվականից սկսած իրական ռևանշիստը հենց Ալիևն է, որն եկավ իշխանության։ Նրա ողջ քաղաքականությունը՝ առաջին օրից սկսած մինչ օրս, ռևանշիզմ է։ Հայաստանում որևէ ռևանշիստական տրամադրություն չկա։ Հայաստանում կա մեկ տրամադրություն՝ Հայաստանը ձգտում է խաղաղության և փորձում պահպանել իր տարածքային ամբողջականությունը։ Եթե սա ռևանշիզմ է, ուրեմն Ալիևը կամ Բայրամովն առնվազն հիվանդ են։ 

Իրականում ընտրությունը ոչ մի դեպքում տարածաշրջանային համագործակցության և հարևանների նկատմամբ անօրինական տարածքային պահանջների միջև չէ։ Հայաստանը երբեք չի ունեցել տարածքային պահանջ Ադրբեջանի նկատմամբ։ Սա պետք է ֆիքսել և գնալ առաջ։ Իսկ Ադրբեջանը միանշանակ այսօր տարածքային պահանջ ունի։ Ի՞նչ է նշանակում՝ անկլավները պետք է տաք մեզ։ Արտատարածքային միջանցքի պահանջը տարածքային պահանջ չէ՞։ Այնպես, որ Բայրամովը բացահայտ ստում է։ Փորձում է սպիտակը ներկայացնել սև, իսկ սևը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, սպիտակ։

- Որքանո՞վ եք հավանական համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ 

- Խաղաղության պայմանագրի ստորագրման մասով երեկ շատ հստակ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե Ալիևը գնում է Բրյուսել և այնտեղ ստորագրում այն ճանապարհային քարտեզը, որը հիշատակեցի, բավականին մեծ է հավանականությունը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Եթե Ալիևը նորից չի գնում, ուրեմն պատրաստ չէ խաղաղության և պատրաստվում է պատերազմի՝ հիմքեր փնտրելով այդ պատերազմն սկսելու համար։

- Պաղեստինա-իսրայելական բախումը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի վրա, և ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը ներկա մարտահրավերների պարագայում։

- Չեմ կարծում, որ այս փուլում պաղեստինա-իսրայելական բախումը կարող է ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Սակայն չեմ բացառում, որ պատերազմի սահմանները եթե ընդարձակվեն, եթե ներգրավվի «Հեզբոլլահ»–ն (իմա՝ Իրանը), այն կարող է ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանի վրա։ Հույս ունեմ՝ դա տեղի չի ունենա, և Իրանը չի ներքաշվի այս պատերազմի մեջ, որովհետև Իսրայելի կողմից, կարծես, այդպիսի ցանկություն չկա, որպեսզի այդ պատերազմի մեջ ներառվի ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև նրան հարող մյուս շրջանները, որոնցից մեկը Հարավային Կովկասն է։ 

Հայաստանը պետք է պահպանի ընդգծված նեյտրալիտետ։ Սա Հայաստանի կոնֆլիկտը չէ։ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի իր դեմ չտրամադրի՝ մի կողմից արաբական աշխարհին, մյուս կողմից՝ Իսրայելին։ Թեև Իսրայելը այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Հայաստանի հետ, ամեն դեպքում, նեյտրալիտետը ճիշտ է և միակ հնարավոր տարբերակն է։

Հայկ Մագոյան