Գրանադան մեզ տվեց 2 շատ կարևոր հայտարարություն՝ քառակողմ հայտարարությունը և մեր երկկողմ հայտարարությունը Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ։ Ըստ էության արձանագրվեց, որ ԵՄ-ի՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գրանադայում դատապարտվեց ԼՂ նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի գործադրումը, ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ-ի պատրաստակամությունը ՀՀ-ին աջակցելու առումով։ Արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ հետ հարաբերությունները խորացնել այնքան, ինչքան ՀՀ-ն կցանկանա»,- նշել է Փաշինյանը։
Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չեկավ և չստորագրեց։ Ադրբեջանի հրապարակային բացատրությունն այն է, որ Ֆրանսիայի դիրքորոշման հետ խնդիր ունեն, նշել է վարչապետը։
«Երկրորդ մեկնաբանությունը, որն առաջիկայում ստուգելու հնարավորություն կլինի այն է, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա։ Մի շարք թեմաներ կան, որ կարող են օգտագործել հետագա սրացումների և էսկալացիայի համար»,- նշել է վարչապետը։