ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսել է նաև Ադրբեջանի կողմից նշած 8 գյուղերի մասին։
«Մենք էլ ասում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, քանի որ նույն Տավուշի մարզում ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և այլ տարածքներ։ Առաջարկել ենք՝ ո՞րն է սահմանազատման քարտեզը, որ այդ գծից զորքերը հայելային հետ քաշենք։
Անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով: 28.900 կմ² մեջ մտնում է նաև Արծվաշենը: Հայաստանի ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել այդ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Փորձը ցույց է տալիս, որ լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ»,- նշել է վարչապետը։
Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին», Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին։
«Թուրքիայի նախագահը խոսում է Հայաստանի խոստման մասին։ Արձանագրենք, որ ՀՀ-ն որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որն օգտագործվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Դա ընկալվում է ՀՀ նկատմամբ որպես տարածքային որոշակի պահանջ և որպես արտատարածքային միջանցքի պահանջ։ Մենք ասում ենք, որ եռակողմ հայտարարության մեջ ևս նման բան գրված չէ»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն պատրաստ է և շահագրգռված է բացել տարածքաշրջանային կոմունիկացիաները։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք բացել ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Դա պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության, իրավազորության հիման վրա՝ հավասարության և փոխադարձության սկզբունքով։ Սա նշանակում է, որ որևէ երրորդ ուժ ՀՀ որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն չպետք է ունենա»,- ասել է վարչապետը։
Նա նշել է, որ երկաթուղու դեպքում Մեղրիով անցնելու հարցն անառարկելի է, որովհետև այլ տեղ չունենք երկաթուղի։ Սա նշանակում է ՀՀ շրջափակման վերացում։
«Ունենք Իջևան-Հրազդան-Ղազախ ճանապարհ, սակայն Հաղարծին գյուղի տարածքում ավելի քան 20 տարի շատ մեծ սողանք կա, որը վերացնելու համար 500 մլն դոլար և ավելի գումար է հարկավոր»,- ասել է Փաշինյանը։