Պաղեստինա–իսրայելական ռազմական բախման զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք պաղեստինա–իսրայելական այս ռազմական բախումը։ Սա սպասելի՞ էր։
- Բազմաթիվ հանգամանքներից պետք է կենտրոնանալ երկու առանցքի վրա։ Նախ, մինչ այն պահը, որ կոնֆլիկտը չի լուծվել, և պաղեստինցի ժողովուրդը իրավազրկվել է, ուրեմն ցանկացած պահի կարող է էսկալացիա գրանցվել։ Բայց սա «էսկալացիա» եզրով չի բնութագրվում, ոչ էլ «գործողություն» տերմինով։ Սա պատերազմ է, ինչպես հայտարարել է պաշտոնական Թել Ավիվը։ Երկրորդ․ եթե ավելի գլոբալ դիտարկենք, տարածաշրջանում ընթանում են բեկումնային իրադարձություններ, կտրուկ շրջադարձեր։ Իրան-ԱՄՆ–Էր–Ռիադ-Թեհրան հարաբերություններում շրջադարձեր են գրանցվում․ իսկ սա ստատուս քվոյի կտրուկ փոփոխություն է։ Պատերազմական գործողությունները կարող են որոշակի կանգառ վերցնել այս գործընթացներից և վերահաշվարկների տեղի տալ։
- Իսրայելի ուղղությամբ կրակոցներ են եղել նաև Լիբանանից․ սա ի՞նչ էր նշանակում։
- Մինչ այժմ սահմանափակ գործողություններ են։ «Հեզբոլլահ»–ը հրթիռակոծել է լիբանանյան գրավյալ տարածքների իսրայելյան հենակետերի վրա․ Իսրայելն էլ պատասխանել է։ Ամիսներ առաջ հարավային Լիբանանից պեղեստինյան զինյալ խմբավորումների կողմից նույնն էր պատահել իսրայելական ռազմակետերի ուղղությամբ։ «Հեզբոլլահ»–ը չէր ներքաշվել։ Այս անգամ կա «Հեզբոլլահ»–ի սահմանափակ մասնակցություն և զգուշացում ու սպառնալիք։ Առայժմ հարավային Լիբանանում իրավիճակը հանգիստ է։
- Ձեր կարծիքով՝ սա երկա՞ր կտևի, և ի՞նչ հանգուցալուծում կարելի է ակնկալել։
- Իսրայելյան հակահարվածները շարունակվում են։ «Համաս»–ի զինյալները դեռևս իսրայելյան տարածքներում կռվում են։ Թել Ավիվը դիմել է Կահիրեին, որպեսզի միջնորդի գերեվարվածների հարցով։ Իրավիճակը խոսում է տարողունակության մասին, ինչը կբերի տարածաշրջանում նոր բեկումնային գործընթացների խորացմանը։ Համատարած համոզում է, որ իսրայելյան հզոր բանակի միֆը քանդվել է․ համակարգի դյուրաբեկությունը, մանավանդ՝ գերեվարվածների քանակը, կստիպեն Իսրայելին՝ գնալ բանակցությունների։ «Համաս»–ի այս գործողության տարողունակությունը խոսում է նախապես երկար ժամանակ ծրագրավորված լինելու մասին։ Իսկ դա միանշանակ ենթադրում է պետական աջակցություն։ Չի բացառվում, որ գործընթացները տեղավորվեն ընդհանրապես տարածաշրջանի նոր քարտեզագծման ծրագրերի պարունակում։
- Սա ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա՝ հաշվի առնելով Իրանի ու Ադրբեջանի ընդգծված հարաբերությունները հակամարտող կողմերի հետ։
- Նախ, արձանագրենք, որ իսրայելյան մամուլը եղածը համարում է իսրայելյան 9/11․ ինչը ենթադրում է հզոր, անակնկալ հարված և Իսրայելի կողմից հանկարծակիության գործոնի, հարվածի տակ ընկած լինելու իրողություն։ 9/11-ը, սակայն, միայն հարված ու քանդում չէր․ դա հանգեցրեց աշխարհաքաղաքական գործընթացի, աշխարհակարգային տարողությամբ ահաբեկչական-հակաահաբեկչական հարաբերակցությունը տարածվեց տարբեր աշխահագրություններում և, հատկապես, միջին արևելյան տարածաշրջանի վրա։ Բեկումնային, հետցնցումային իրավիճակը, կարծում եմ, այս հանգամանքներով պիտի ընկալել և սպասել նոր ցնցումների, նոր բախումների և քաղաքական նոր դասավորումների, ընդհուպ՝ մինչև նոր քարտեզագրում։
Ինչ վերաբերում է Բաքու-Թեհրան հարաբերությունների վրա ունենալիք ազդեցությանը, քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ իսրայելյան գործոնի ներգրավումը տարածաշրջանում՝ Ադրբեջանի ճամփով, սպառնալիք է Թեհրանին։ Անկարան դա կօգտագործի Թեհրանի հետ իր ռազմաքաղաքական բազարների ընթացքում։ «Զանգեզուրի միջանցքի»-ի ուղղության փոփոխության մասին Անկարայի հայտարարությունը պիտի դիտարկել այդ համատեքստում նաև։
Հայկ Մագոյան