Քաղաքական

«Ֆրանսիան ՀՀ-ի հետ ռազմական գործարք կնքելու համաձայնություն է տվել»․ Կատրին Կոլոննա

Իմ Հայաստան այցով ուզում եմ ցույց տալ, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության և ցանկացած սպառնալիքի նկատմամբ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։ 

«Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանությունն ապահովելու համար։ Պաշտոնապես դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ ՀՀ-ում դիտորդական առաքելությունն ընդլայնելու, մանդատը մեծացնելու, նաև Հայաստանը «Խաղաղության Եվրոպական մեխանիզմի» մեջ ներառելու համար, ինչպես, օրինակ, Մոլդովայի պարագայում է»,- նշել է Կոլոննան։։ 

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է, որ ԵՄ-ն և նրա անդամները հստակ ազդակներ ցույց տան Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված։ «Ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ կոպիտ արձագանքի կարժանանա»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։