«Այսօր՝ այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա: Գիտենք նաև, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում գտնվում են շուրջ 1200-1300 քաղաքացիներ, երեխաներ, որոնց նկատմամբ նրանք հոգ են տանում»,- այս մասին այսօր ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վստահեցրեց՝ մենք էլ հնարավոր միջոցները պատրաստ ենք ձեռնարկել, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է խնդիրը, ինչպես գիտեք, մեր հումանիտար բեռները սպասում են Կոռնիձորում:
«Ռուսական մամուլում շատ է խոսվում այն մասին, որ ՀՀ-ն արդեն երկար ժամանակ է՝ փորձում է պատասխանատվությունը իր անհաջողությունների համար դնել ՌԴ-ի վրա: Մենք մեր որևէ անհաջողության համար որևէ մեկի վրա պատասխանատվություն չենք դնում։Կա հստակ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որտեղ օրինակ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք լիներ ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի հսկողության ներքո, այդ զորախումբը պետք է երաշխավորեր քաղաքացիական բնակչության անվտանգությունը և մենք դեռևս 1.5 տարի առաջվանից սկսել ենք բարձրացնել այն հարցը, որ գործընթացները ճիշտ ճանապարհով չեն գնում»,- ասաց Փաշինյանը հավելելով՝ «Մենք մեր բաժին պատասխանատվությունը կրում ենք, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, թե բոլորս պետք է աչք փակենք այն ձախողումների վրա, որ ՌԴ-ի խաղաղապահ զորախումը ԼՂ-ում ունեցել է»:
Այս համատեքստում ՀՀ վարչապետը նկատում է՝ եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչու՞ հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, որ հարձակումը ԼՂ-ի վրա տեղի չունենար: «Ի վերջո, բոլորն ահազանգում էին դրա մասին, և մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով, ինչու՞ միջնորդական գործունեությունը այն ժամանակ չի արվել. սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»: