Քաղաքական

«Հանդիպել եմ ՌԴ դեսպանի հետ». ՀՀ ԱԳ փոխնախարար

Այսօր ժամը 16։00-ին արտգործնախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դեսպանների և միջազգային ներկայացուցիչների ղեկավարների հետ. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ բոլոր դեսպանությունների ներգրավմամբ, մեր դիվանագիտական առաքելությունների, ներկայացուցիչների միջոցով ձեռնարկվել են աշխատանքներ բոլոր ուղղություններով, տեղի են ունենում առանձին հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ՝ ներկայացնելու իրավիճակը և ձեռնարկելու քայլեր Ադրբեջանի ագրեսիան կանգնեցնելու նպատակով։

Հարցին՝ նախապես ռուս խաղաղապահներն իմացե՞լ են հարձակման մասին, փոխնախարարն ասել է, թե, ըստ ադրբեջանական կողմի, նախապես տեղյակ են եղել. «Այսօր եղել է ռուսական ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությունը, որ իրենք տեղեկացվել են մի քանի րոպե առաջ։ Ես այսօր՝ մեկ ժամ առաջ, հանդիպել եմ Ռուսաստանի դեսպանի հետ։ Նա ինձ տեղեկացրել է, որ նախապես տեղյակ չեն եղել և այդ հայտարարության լույսի ներքո մի քանի րոպե առաջ են տեղեկացել»։