Քաղաքական

«Խաղաղության պայմանագիրը պարանաձգվելու է. դա կապված է գերտերությունների միջնորդական մրցապայքարի հետ». Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները մտահոգություններ են առաջացրել հարևան Իրանում։ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ օտար ուժերի ցանկացած ներկայություն տարածաշրջանում ավելի կբարդացնի իրավիճակը։ Ի՞նչ հարց է լուծվում այս զորավարժություններով, եթե այն առաջացնում է հարևան երկրների դժգոհությունը։

- Կարծում եմ՝ Իրանի անհանգստությունը միաուղի չէ։ Չմոռանանք, որ վերափոխվում են Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունները։ Անհանգստությունը կարող է վերաբերել թուրքական ու, անգամ, ռուսական ուժերին․ այսինքն, բոլոր գլխավոր խաղացողներին։ Թեհրանյան ձևակերպումը՝ «օտար ուժերի ցանկացած ներկայություն», ներառում է բազմաուղղությունը։    

- Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու զորքերի կուտակումը հայ-ադրբեջանական ու նաև ԼՂ սահմաններին։ Որքա՞ն է նոր էսկալացիայի կամ լայնածավալ պատերազմի հավանականությունը։

- Ավելի շուտ, Ադրբեջանի շտապողականության հետ կապված ճնշամիջոցային ռազմաքաղաքականություն է։ Բաքուն ունի 3 գլխավոր առաջադրանք՝ Ակնա-Ստեփանակերտ երթուղու բացում, Նախիջևան-Ադրբեջան հաղորդակցուղու գործարկում և խաղաղության պայմանագրի կնքում․ իհարկե, իրենց օրակարգով։      

- Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Ի՞նչ եք կարծում՝ ժամանակ առ ժամանակ առաջարկների փոխանակումը երկուստեք գործընթացը ձգելու նպատա՞կ է հետապնդում, թե՞ վերջնարդյունքի հասնելու։

- Խաղաղության պայմանագիրը պարանաձգվելու է, որովհետև դա սերտորեն կապված է տարածաշրջանում ընթացող գերտերութենական միջնորդական և երաշխավորման մրցապայքարի հետ։ Չեմ կարծում, որ միակողմանի միջնորդությամբ դա կկայանա։

- Նկատենք, որ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ «տարածաշրջանում խաղաղության և կայունության հիմնական պայմանը Հայաստանի կողմից խոսքով և գործով հրաժարումն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ պահանջներից, հայկական զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական տարածքներից և ռևանշիստական քաղաքականության ու գործողությունների դադարեցումը»։ Նման պահանջները փակուղի չե՞ն տանում գործընթացը։

- Բաքուն միշտ էլ բարձրացրել է իր պահանջների առաստաղը։ Մանավանդ, հիմա, երբ հաղթել է։ Առավելապաշտությունը չի աշխատելու։ Բաքուն անգամ իր առաջադրած կարճաժամկետ խնդիրների կատարողականությունը չի ապահովել։ «Զանգեզուրի միջանցքը», սահմանազատումը չի մեկնարկել, խաղաղության պայմանագիրը ձգվում է։ Այս բոլորը արգելակվում են տարածաշրջանում բախվող երկրների կողմից։          

- ՌԴ նախագահն էլ գործընթացի ամբողջ պատասխանատվությունը թողեց Հայաստանի վրա՝ նշելով, որ ԼՂ-ն Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի մաս, հետևաբար, ի՞նչ կարող է անել Ռուսաստանը։ Չի՞ ստացվում, որ նման հայտարարություններով Պուտինը ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին ու ավելի թուլացնում Հայաստանի դիրքերը բանակցություններում։

- Երևանը աճապարեց՝ նման հայտարարություն անելով։ Բաքուն ոչ միայն չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլև ներխուժել է Հայաստանի գերիշխան տարածք։ Այս պայմաններում միակողմանի հայտարարություն անելն անտեղի է։ Միաժամանակ, սակայն, կարծում եմ՝ Մոսկվան խուսանավում է՝ հղում անելով Երևանի հայտարարությանը։ Մոսկվայի նպատակն է միջնորդական գործընթացի ղեկը պահել և խաղաղապահ առաքելության ժամկետը երկարաձգել։

Հայկ Մագոյան