Քաղաքական

«Հռոմի ստատուտը կապ չունի ՌԴ-ին առնչվող իրադարձությունների հետ». Գրիգոր Մինասյան

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, թե Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը միտված է միայն Հայաստանի տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը և ուղղված է միայն Հայաստանի պետական շահին։

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին՝ վավերացման դեպքում Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանելու դեպքում նրան ձերբակալե՞ն, Մինասյանը նշել է. «Ստատուտը  միջազգային քրեական դատախազական ու դատական համակարգին հնարավորություն է տալիս Հայաստանի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունները քննել, վերհանել․ դա լավ պաշտպանողական քննչական գործիք է, և ափսոս էր, որ մեր պետությունը դրանից չօգտվեր»։

Պուտինին առնչվող հարցի շուրջ նա հայտարարեց, թե իրավական տեսանկյունից այդ հարցը որևէ կապ չունի Հռոմի ստատուտի հարցի հետ. «Իրավական առումով Հռոմի ստատուտն անպայման վավերացվելու է, այդ նախագծի հաստատումը կառավարության կողմից ու ԱԺ-ի կողմից ընդունումը ոչ մի կապ չունի ՌԴ-ի հետ կապված իրադարձությունների հետ․ դա Հայաստանի պաշտպանական գործիքակազմն է»։