Քաղաքական

«ԱՄՆ-ի հետ վաղուց ենք սկսել ռազմավարական երկխոսություն»․ Փաշինյան

Արևմուտքի հետ կամուրջներ կառուցելու անհրաժեշտություն չունենք, որովհետև այդ կամուրջները միշտ էլ տեղում են եղել, «Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ վաղուց ենք սկսել ռազմավարական երկխոսություն, նախկինում էլ եղել են զորավարժություններ։ 

«Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասով մենք լիարժեք թափանցիկ ենք։ Մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերով։ Հայաստանը շատ լուրջ անվտանգային խնդիրներ ունեցող երկիր է, բայց անվտանգային խնդիրների հասցեագրումը տեսնում ենք ինքնիշխանության և անկախության ամրապնդմամբ»,- նշել է Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ այն մոդելը, որ խնդիրներ կունենանք հարևանների հետ, մեզ պաշտպանելու համար կհրավիրենք ուրիշներին՝ էական չէ, թե ովքեր են նրանք, դա խոցելի մոդել է։ 

«Այդ ուրիշները նույնիսկ ցանկության դեպքում կարող է օգնել չկարողանան, ուստի մեր ռազմավարությունն է փորձել այս իրավիճակը կամ արտաքին օգնությունների անհրաժեշտությունից կախված լինելու մակարդակը հնարավորինս նվազեցնել»,- ասել է վարչապետը։