Քաղաքական

«Այո՛, այս իրավիճակում ռուս խաղաղապահները ձախողել են»․ Նիկոլ Փաշինյան

«Politico Europe» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման բանակցային սենյակում տիրող մթնոլորտին, նշել է, որ չի ցանկանում հրապարակային քննարկել այդ հարցը։ 

«Փաստն այն է, որ առայժմ չունենք վստահության մթնոլորտ, որովհետև եթե լիներ, շատ հարցեր այսօր այսպիսի վիճակում չէին լինի, ինչպիսին են։ Իմ արձագանքն է՝ շարունակել հետևողական աշխատել և փորձել գտնել լուծումներ, առաջընթացի ուղիներ։ Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն ինչպես նախկինում ունեցել, հիմա էլ շարունակում է կիրառել ուժի սպառնալիքի քաղաքականություն։ Դա առաջընթացի ապահովման հիմնական խոչընդոտն է»,- նշել է վարչապետը։ 

Հարցին, թե ՌԴ-ն ձախողվե՞լ է որպես անվտանգության երաշխավոր, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում անվտանգային սուր իրադրություններ են տեղի ունեցել՝ շփման գծի խախտումներ, ներխուժումներ։ 

«Դեպք է տեղի ունեցել, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացին ռուս խաղաղապահի ներկայությամբ սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից։ Ի վերջո՝ Լաչինի միջանցքի փակումը և հումանիտար ճգնաժամի առաջացումը։ Այս առումով, որքանով այս խնդիրներն առաջացել են, այո՛, ռուս խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը։ Բայց, մյուս կողմից, ես չեմ կարող ասել, որ եթե նրանք չլինեին ԼՂ-ում, իրադրությունն այդ պայմաններում ավելի լավ կլիներ։ Երկու արձանագրումն էլ, կարծում եմ, ճիշտ է»,- նշել է վարչապետը։