Քաղաքական

«Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի անկախության միջազգային վկայագիրն է». վարչապետը՝ ԼՂ կարգավիճակի հարցում ՌԴ դիրքորոշման մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հարցում ՌԴ դիրքորոշումներին։

Ըստ նրա՝ Ալմա–Աթայի հռչակագիրը ստորագրել են ետխորհրդային բոլոր պետությունները, բացի մերձբալթյան պետություններից։ Այն ստորագրել են ՌԴ-ն, Հայաստանը, և դրանով արձանագրվել է հետխորհրդային հանրապետությունների անկախությունը․ «Պետք չէ դեմոնիզացնել Ալմա–Աթայի արձանագրությունը և հռչակագիրը, որովհետև դա նշանակում է հարվածել, դելեգիտիմացնել Հայաստանի անկախությունը»։

Վարչապետը նաև հիշեցրեց Հայաստանի «կադաստրային վկայականի» մասին իր հայտարարությունը՝ հավելելով. «Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանի, նրա անկախության միջազգային վկայագիրն է»։

Նա հիշեցրել է, որ ԼՂ հարցի վերաբերյալ 1993թ. ՄԱԿ ԱԽ երեք բանաձևերին ՌԴ-ն կողմ է քվեարկել։ Ըստ նրա՝ այդ փաստաթղթում արձանագրված է «Ադրբեջանի Հանրապետության ԼՂ տարածաշրջան» ձևակերպումը։

Ըստ նրա՝ 1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովում ձևակերպմանը, թե ԼՂ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի կիրառմամբ, և ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, կողմ է եղել նաև ՌԴ-ն։ 

2020թ. նոյեմբերին ու դեկտեմբերին ՌԴ–ն հայտարարել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ է. «Ադրբեջանի հետ ռազմավարական հռչակագրում ՌԴ-ն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա վերադառնամ հարցին, որ ՌԴ դիրքորոշմամբ ԼՂ կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր։ Այդ առաջարկը տարածաշրջան է բերել 2022թ. հուլիսի վերջ–օգոստոսի սկզբին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, այն և՛ ՀՀ-ին է ներկայացվել, և՛ Ադրբեջանին։ Դրանից հետո ՌԴ ներկայացուցիչը՝ պարոն Խովաևը, տարածաշրջան է եկել 2022թ. սեպտեմբերին՝ պատասխան ստանալու համար։ Առաջինն այցել է Ադրբեջան»,- հիշեցրել է վարչապետը։ 

Ըստ նրա՝ Խովաևը Բաքվից Հայաստան է եկել սեպտեմբերի 13-ին, և այդ օրը գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն լայնածավալ հարձակում է սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ. «ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն Հայաստանի գրավոր ու բանավոր դիմումներին՝ կատարել օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված պարտավորությունները, չի արձագանքել։ Հայաստանը դրական է արձագանքել Ռուսաստանի արձագանքին, որ ներկայացրել է Խովաևը։ Հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ընդունելու վերաբերյալ։ Այդ որոշումը Հայաստանը ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով»։