«Մենք դե՞մ ենք Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը։ Ոչ, դեմ չենք, ընդհակառակն, կողմ ենք դրան և կարծում ենք, որ դա Հայաստանի համար կարևոր նախագիծ է»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը կողմ է նաև տրանսպորտային երթուղիների բացմանը. «Կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանը և Թուրքիան, այնպես էլ՝ Նախիջևանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն»,- նշել է նա։ Փաշինյանի խոսքով՝ իրենք կողմ են, որ Հայաստանի տարածքով անցնեն գազամուղներ, նավթամուղներ, էլեկտրահաղորդման գծեր. «Այդ ամենը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության սահմաններում»։
Փաշինյանը շեշտել է, որ իրենց համար անընդունելի է Հայաստանի ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող որևէ հայտարարություն։ Նրա խոսքով՝ դա կարմիր գիծ է։
Նա հիշեցրել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջանցք՝ սուվերենության որոշակի սահմանափակմամբ, նախատեսված է միայն Լաչինի միջանցքը, Հայաստանի տարածքում միջանցք նախատեսված չէ։ Ըստ նրա՝ կարևոր է միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծելը։
Նա նշել է, որ միջանցք բառն օգտագործելիս նաև հաշվի է առնվում եռակողմ հայտարարության մեջ նշված «միջանցք» տերմինը, ուստի հաճախ, երբ ճանապարհին միջանցք են կոչում, Հայաստանում այլ կերպ է ընկալվում։