Քաղաքական

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար է ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա. Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե սահմանին կուտակումները վկայում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության մասին։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, թե Ադրբեջանը չի կատարում ստանձնած պարտավորություններն ու հերթական անգամ փորձում է հարցերը ուժի միջոցով լուծել. «Սրան շատ լուրջ պետք է վերաբերվել: Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել այս ընթացքում, որպեսզի ավելացվի ճնշումն Ադրբեջանի վրա և ուժի կիրառմամբ չփորձի հարց լուծել»։

Խանդանյանի կարծիքով, ԼՂ-ում շարունակվող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար է ազդում հայ-ադրբեջանական բանակցությունների վրա. «Բայց սա չի նշանակում, որ  Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով  խնդիրները հանգուցալուծելու ու  խաղաղության համաձայնագիր կնքելու իր նպատակից: Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ  բանակցությունների սեղան»,-ասել է նա։