ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առաջին ալիքի եթերում անդրադարձավ նաև Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և խոսեց թեկնածուների մասին։
Հարցին, թե Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը շեղվել է հեղափոխական ճիշտ ուղուց, վարչապետը զարմացավ և այդ հայտարարությունները որակեց տարօրինակ։
«Նա Երևանի քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակի վրա, որտեղից էլ նման հայտարարություններ է արել։ Մարությանն իր բեմական կարիերայում առաջին անգամն է, որ քաղաքական ժանրի հումոր է անում և բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի հերոսների հետ։ Դա վկայում է, որ Հայաստանը հեղափոխական ճիշտ ճանապարհից չի շեղվել»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև հայտարարեց, որ Մարությանն իր աջակցությամբ է դարձել քաղաքապետի թեկնածու, իրենից է խնդրել աջակցություն, և այդ աջակցությունն ստացել է՝ պատրաստակամություն հայտնելով ՔՊ անդամ դառնալու և այն ուժեղացնելու։
«Այն ժամանակ ես լիարժեք վստահությամբ էի վերաբերվում Հայկ Մարությանի` մոտիկ լինելու ցանկությանը։ Ի հեճուկս մեր բազմաթիվ թիմակիցների, որ ասում էին՝ նա գալիս է որպես «գաստրալյոր» և իրադրության փոփոխության դեպքում հին սցենարը մի կողմ է թողնելու։ Այդ ընկերությունը լավ ժամանակների ընկերություն էր»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ հեռանալուց հետո մինչ այժմ Հայկ Մարությանն իր աչքերի մեջ չի նայել և չի ասել, թե ինչպես է Փաշինյանը շեղվել հեղափոխական ուղուց և թե ինչպես է դարձել «սև»։