Իրավիճակը Հայաստան-Ադրբեջան, ԼՂ-Ադրբեջան սահմանին լարված է, որովհետև Ադրբեջանը զորքերի կուտակում ունի։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լարված իրավիճակով պայմանավորված՝ վարչապետը հեռախոսազանգեր է ունեցել տարբեր երկրների առաջնորդների հետ, սակայն պաշտոնական հաղորդագրություններում չկար հեռախոսազանգ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանը պատասխանել է հարցին, թե ինչու։
«Իրականում՝ հենց առաջին զանգը ՌԴ նախագահին է եղել։ Վլադիմիր Պուտինը, վստահաբար, այս իրավիճակի մասին տեղեկացված է։ Բոլոր հեռախոսազանգերի նպատակն ու իմաստն այն էր, որ գործընկերներիս, ովքեր որոշ նրբությունների մասին տեղեկացված չէին, նրանց փոխանցել այդ տեղեկությունները»,- նշել է վարչապետը։
Նա նաև անդրադարձել է հայ-ամերիկյան զորավարժություններին, Հռոմի ստատուտի վավերականացման գործընթացին, իր կնոջ՝ Ուկրաինա այցին։
«Ամենևին առաջին անգամ չեն նման զորավարժություններ Հայաստանում։ Ինչ վերաբերում է Հռոմի ստատուտի վավերականացմանը, այդ գործընթացը մեկնարկել է 2022թ․ դեկտեմբերին, ցավոք, այն վատ համընկնումներ ունեցավ ՌԴ և Հաագայի դատարանի հարաբերությունների համատեքստում։ Այդ գործընթացն ամենևին կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, այլ սահմանային լարվածության իրադրության։ Մենք չենք կարող մեր հարաբերությունները սառեցնել մյուս գործընկերների հետ»,- նշել է վարչապետը։
Ինչ վերաբերում է Աննա Հակոբյանի՝ Ուկրաինա այցին, Փաշինյանը խնդրել է չքաղաքականացնել այս թեման։
«2020-ին ո՛չ այցելում էինք Ուկրաինա, ո՛չ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ո՛չ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ էինք անում, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմ։ ՀԱՊԿ-ը պարզապես չի կատարել ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորությունները։ Մենք պետք է անվտանգության լրացուցիչ, այդ թվում` միջազգային գործիքներ ձեռք բերենք»,- նշել է վարչապետը։