ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, ի պատասխան Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, որը հանրային տիրույթում շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» եզրույթը, նշել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով և դրան հաջորդած 2021թ. հունվարի 11-ի հայտարարությամբ որևէ այդպիսի միջանցք նախատեսված չէ, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում բացակայում է որևէ միջանցքային տրամաբանություն:
«Հայաստանը բազմիցս և բոլոր մակարդակներում հայտարարել և հայտարարում է, որ ոչ միայն պատրաստակամ է, այլև շահագրգռված է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ և 2020թ. եռակողմ հայտարարության ստորագրման պահից ի վեր հավատարիմ է մնացել այդ հայտարարությամբ պայմանավորված այն մոտեցմանը, որ դա պետք է իրականացվի երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- նշել է ԱԳՆ խոսնակը։