Քաղաքական

Անշարժ գույքի նվիրատվության գործարքների թիվն աճել է. ԱԺ փոխնախագահը զգուշացնում է

Անշարժ գույքի նվիրատվության գործարքների թիվն աճել է. ԱԺ փոխնախագահը զգուշացնում է

Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը հայտարարել է, թե Հայաստանում 2020-2022թթ․ նվիրատվությունների եղանակով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու գործարքները կտրուկ աճել են։ Ըստ նրա՝ դա հիմնավոր ռիսկեր է պարունակում․

«Նվիրատվության գործարքների անընդհատ աճը պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել այնպիսիք, որոնք նպատակ ունեն թաքցնել ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքն ու, այսպես ասած, այն օրինականացնել»,- ասել է փոխնախարարը:

Մկրտչյանի խոսքով՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագիծը նպատակ ունի նվիրատվությունների մասով ԿԲ-ին հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ Հայաստանում նոտարների և կադաստրի կոմիտեի համար պարտականություն սահմանել:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը զեկուցողից հետաքրքրվել է, թե ներկայացված նախագիծն ինչպես է կանխելու ապօրինի գույքի նվիրատվության դեպքերը:

«Ներկայացված նախագիծը պայքարի միջոցներից միայն մեկն է, սակայն ոչ միակը: Ի՞նչ խնդիր է այն լուծելու: Մենք ունենալու ենք ամբողջական հաշվետվություն՝ կենտրոնացված մեկ վայրում, և գործարքների վերաբերյալ բավարար տվյալներ, որպեսզի դրանք անհրաժեշտության դեպքում նույնականացնենք, իրենց ամբողջության մեջ համապատասխան վերլուծության ենթարկենք, բացահայտնենք հնարավոր ռիսկերը և միջոցառումներ ձեռնարկենք այդ ռիսկերը կառավարելու համար: Առանձին դեպքերում, երբ կունենանք ահազանգեր կոնկրետ  գործարքների վերաբերյալ՝ որևէ ապօրինության հետ կապված, ապա արդեն,  հաշվետվություններում ունենալով գործարքի վերաբերյալ անհատական տվյալներ, կարող ենք այն վերլուծության ենթարկել և ներկայացնել իրավապահ մարմիններին: Նրանք իրենց գործիքակազմով, օպերատիվ հետախուզական գործունեությամբ և նախաքննության եղանակով արդեն կիրականացնեն իրենց պարտականությունները և կբացահայտնեն ապօրինության ցանկացած դեպք»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով,- «Այսինքն՝ ստեղծվում է բազա, որտեղ պահպանվելու են նվիրատվության բոլոր տվյալները»:

Հակոբ Արշակյանն էլ արձագանքել է. «Այնպես չէ, որ  եթե որևէ մեկն ապօրինի գույք ունի, նվիրատվությամբ մաքրվելու է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական