Կառավարությունը շուրջ 8 մլրդ 388 մլն դրամ (17 մլն 380 հազար ֆունտ) ստերլինգ կհատկացնի Լոնդոնի կենտրոնում Հայաստանի դեսպանության համար 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։
Ըստ հիմնավորումների՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը 1992 թ. ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին տարածքը լքելու անհրաժեշտության մասին:
ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը նշեց, թե այդ շինությունում Հայաստանի դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները: Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով, և տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ այլ դեսպանատների մոտ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե իրենք են ուզում դուրս գալ Հայ տան կողմից տրամադրված տարածքից. «Ամենայն հարգանքով և շնորհակալությամբ էն մարդկանց, որ այդ տարածքը տրամադրել են, բայց իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն։ Ցավոք, մենք շատ տեղերում էս խնդիրն ունենք»,- ասաց նա։
Ըստ Փաշինյանի՝ շատ է հարց տրվում, թե ուր է մեր դիվանագիտությունը. «Մեր դիվանագիտությունը զբոսայգու մեջ մի իշաոտնուկ դրած՝ նստած է, մեր դրոշն էլ վերևը կախած, ու ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է։ Իմ անձնական դիրքորոշումն է՝ բոլոր տեղերում ունենալ պատշաճ դեսպանատներ»։
Նա շեշտել է՝ խնդիր է դրված գործարքն իրականացնել ազնիվ ու թափանցիկ, որ հետո խնդիրներ չլինեն։
Փաշինյանն անդրադարձավ նաև խոսակցությանը, թե պրոցեսը թանկ է. «Թանկ է, բա պետութուն ունենալը թանկ է։ Ո՞վ է ասում, որ պետություն ունենալը էժան է։ Մենք պետք է էս ճանապարհով շարունակենք»։
