ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին։
«Իմ ունեցած տեղեկություններով դեռևս արձագանք չկա վերջի առաջարկի վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտնել էր, թե հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։
Ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մասին խոսելիս Գրիգորյանն ասել է, թե հաջորդ հանդիպման օրվա և վայրի վերաբերյալ չկա պայմանավորվածություն։ Իսկ թե ինչու է պրոցեսը պասիվացել, նա նշել է. «Ընդհանուր ֆոնը բնականաբար պետք է նպաստավոր լինի։ Ի՞նչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն և խաղաղություն։ Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը կիրառելի կլինի խաղաղության ֆոնի վրա։ Եւ այդ իմաստով, բնականաբար, որոշակի փոխկապակցվածություն կա աշխատանքների ակտիվացման ու պասիվացման մասով»։