Եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Նիկոլ Փաշինյանը՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։
«Եթե խաղաղության պայմանագրի մեջ չլինեն ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության մասին երաշխիքներ, այդ պայմանագիրն անիմաստ կլինի»,- նշել է վարչապետը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը, վարչապետը նշել է, որ Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ-ի գործելակերպից, և սա է պատճառը, որ ՀԱՊԿ-ի 2022թ․ աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում չվավերացվեցին մի շարք պայմանագրեր։
Վարչապետը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից և նշել, որ Հայաստանը չի կապում և չի ուզում կապել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, չնայած Ադրբեջանն ու Թուրքիան այդ հարցն անընդհատ առաջ են բերում։
«Թվացյալ ռազմական հզորությունը չի նշանակում անխոցելիություն, ուստի խաղաղությամբ պետք է շահագրգռված լինեն բոլոր երկրները։ Մենք կարևոր ենք համարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, և Անկարա կատարած իմ այցելության ու Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Կարծում եմ՝ կան հնարավորություններ»,- նշել է նա։