Կրկին կանգնած ենք Արցախյան խնդրի առաջ։ Այն լուրջ է, բայց լուծում ունի։ Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է ազատել Արցախը հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որպեսզի հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ նրանց տեղահանել կամ կոտորել։
«Իսկ դրանից հետո՞ Հայաստանի հետ խաղաղ կապրե՞ն։ Ո՛չ, մինչ այժմ ասում են, որ Երևանն իրենց պատմական հողն է։ Այսինքն՝ իրենց ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, կուլ տալ Արցախը, հետո՝ Հայաստանը։ Դա ցույց է տալիս, որ մենք առանձին-առանձին մեր խնդիրները չենք կարող լուծել։
Ի՞նչ է անում Արցախի ժողովուրդը՝ կանգնում է տեղում և հայտարարում պայքար, ուժ է ցուցադրում։ Չի գայթակղվում, որ Ադրբեջանի ճանապարհով հաց բերեն։ Ասում է՝ սոված կմնամ, բայց այդ ծուղակը չեմ ընկնի»,- նշել է Մանուկյանը։
ՀՀ ղեկավարությունը հայտարարում է, որ Արցախը թողնենք, խաղաղ ապրենք, ասում է Մանուկյանը։ Նրա խոսքով՝ դա սխալ է, և քեզ հաշվի են առնում, եթե համառ ես։
«Մեր ազգի շահերն ու նպատակները որոշվելու են ոչ թե Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Անկարայում, այլ Երևանում»,- նշել է Մանուկյանը։