Քաղաքական

ՀՀ-ն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ն իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր․ ՀՀ ԱԳՆ

Ցանկանում ենք ընդգծել, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ 

«Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների։ 

Հատկանշական է նաև, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակի կողմից արված հայտարարություններում ևս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն». ադրբեջանական կողմը, ձևավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը և դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։ Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար և աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը, և այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը»։

Եվս մեկ անգամ հաստատակամորեն ընդգծում ենք, որ ՀՀ համար օրակարգում  է միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, և ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական