Radar Armenia-ի զրուցակիցը Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն է։
- ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ երեկվա հանդիպմանը քննարկվել է նաև իր հրաժարականի հարցը։ Ստեղծված իրավիճակում նախագահի հրաժարականն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Ռիսկեր տեսնո՞ւմ եք։
- Խնդիրը Արայիկ Հարությունն ու նրա հրաժարականը չեն: Ո՞վ է փոխարինելու նրան և ի՞նչ է անելու: Քննարկվե՞լ է այս հարցը: Դատելով ունեցած տեղեկատվությունից՝ ոչ: Իսկ եթե չկա վաղվա ծրագիր, հայեցակարգ, ի՞նչ տարբերություն՝ ով է նախագահականում անվտանգության խորհրդի նիստ անցկացնում: Եթե Արցախում մեկը կա, որ կենսագրությունում մի տող ավելացնելու համար պարզապես տենչում է նստել նախագահի աթոռին, ողբերգություն է: Եվ՝ ոչ միայն անձնական: Իսկ եթե Արայիկ Հարությունյանին պարտադրում են հեռանալ, որպեսզի Արցախը «Սարդարապատ լինի», ինչպես ոմանք են ասում, ապա գործ ունենք ապոկալիպսիսի անխուսափելիության հետ: Ես այլ մեկնաբանություն չունեմ, ուստի համարում եմ, որ նախ պետք է գտնվի քաղաքական «ընդհանուր հայտարարը»: Միայն դրանից հետո կարելի է քննարկել, թե ով է ավելի կոմպետենտ և կարող իրացնել այն, ինչի շուրջ համաձայնություն կա: Որքանով հասկանում եմ, իրավիճակի և ելքի ընդհանուր գնահատական չկա: Գոնե՝ այս պահի դրությամբ:
- Եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, ու՞մ եք տեսնում այդ պաշտոնում, և արդյո՞ք նախագահի փոփոխությունը կարող է խնդիրներ լուծել։
- Այդ հարցին պատասխանեցի: Պետք է հստակեցնել այն իրավա-քաղաքական հիմքը, որի վրա հնարավոր է կառուցել Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը:
- Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկում Արցախ։ Այս քայլը ընկալելի չէ՞ միջազգային հանրության համար, այն չի՞ տեղավորվում հումանիտարիզմի համատեքստում։
- Դա մարդասիրական քայլ չէ, այլ տեղեկատվա-քարոզչական և հոգեբանական ագրեսիա: Ավելի մանրամասնելու հարկ, կարծում եմ, չկա:
- Երեկ ադրբեջանական կողմը անցակետից կրկին արցախցների առևանգեց, ովքեր Հայաստան էին տեղափոխվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ո՞վ է կատարվածի պատասխանատուն։
-Իհարկե, ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը: Եթե չկա անվտանգության հստակ երաշխիք, ինչու՞ են մարդկանց տեղափոխում: Բայց այդ զորախումբը վաղուց է ենթարկվում Ադրբեջանի քմահաճույքներին, իսկ դա առանց ՌԴ քաղաքական բարձրագույն իշխանության լռելյայն համաձայնության՝ հնարավոր չէ: Այսօր, ինչ խոսք, նման «դելիկատ» հարցեր շոշափելու, մանավանդ դրանք ընթացքավորելու ժամանակը չէ: Ճգնաժամը պետք է հաղթահարվի, բայց խնդիրը լուրջ քննարկման կարիք ունի:
- Հայաստանն ի՞նչ կարող է անել ստեղծված իրավիճակը փոխելու համար։ Կա՞ն քայլեր, որոնք Հայաստանը դեռ չի ձեռնարկել։
- Միակ քայլը, որ Հայաստանի պատասխանատվության տիրույթում է, անպատասխանատու քայլ չանելն է: Առայժմ, կարծես, Երևանը հաջողությամբ է դիմակայում բոլոր խարդավանքներին:
- Արցախը հնարավորություն ունի՞ պահպանել ներկա ստատուս քվոն և չինտեգրվել Ադրբեջանին։
- Նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն փաստացի գոյություն չունի, ի՞նչ պահպանի Արցախը:
Հայկ Մագոյան