ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։
«Մենք ունենք շատ ամուր հարաբերություններ, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը կշարունակի արդյունավետ լինել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով,- «Իհարկե, մենք տարածաշրջանային իմաստով շատ խնդրահարույց հարցեր ունենք, և այդ հարցերը միշտ քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, և վստահ եմ, որ այսօր մենք նույնպես կանդրադառնանք այդ հարցերին»։
Նրա խոսքով, 2022 թվականի վերջին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 5 միլիարդ դոլար, այս աճը շարունակվում է, և այս տարի այդ մակարդակը հատել է 3 միլիարդ դոլարը. «Հուսով եմ, որ մինչև տարեվերջ կհաղթահարվի նախորդ տարվա մակարդակը»,- հավելել է Փաշինյանը։
Նա շնորհակալություն է հայտնել Միշուստինին՝ Վերին Լարսի անցակետում խնդիրները լուծելու համար։
«Դուք խոստացել էիք, որ Վերին Լարսի անցակետում շուտով կբացվեն նոր ուղիներ։ Դա տեղի ունեցավ, և սա շատ կարևոր և նշանակալից իրադարձություն է մեր հարաբերություններում, քանի որ սովորաբար այնտեղ կիլոմետրանոց հերթեր էին գոյանում, և, իհարկե, մենք շնորհակալ ենք ձեզ և մեր վրացի գործընկերներին։ Մենք շատ ուրախ ենք ձեր համագործակցության համար»,- շեշտել է նա։