Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակն է։ 1990թ․ օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետերից կազմված Հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին:
Փաստաթղթի նախաբանում ասվում էր, որ Հայաստանը հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ հիմնվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի «Հայկ. ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918թ. մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները:
Հռչակագրի առաջին կետով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ` Հայաստան, որը պետք է ունենար իր դրոշը, զինանշանը և հիմնը:
Երկրորդ կետն ասում էր, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է։
Հռչակագրի ընդունմանը նախորդել էին Գերագույն խորհրդի ընտրությունները, որոնց արդյունքում անկախության շարժումն առաջնորդող կուսակցություն ՀՀՇ-ն և իշխող կուսակցություն Կոմկուսը գրեթե հավասար ձայներ էին ստացել։ Օգոստոսի 4-ին ԳԽ նախագահի ընտրության 4-րդ փուլում ՀԽՍՀ ԳԽ նախագահ ընտրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Օգոստոսի 13-ին ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ նշանակվեց Վազգեն Մանուկյանը։ 68 տարվա մեջ առաջին անգամ Խորհրդային Հայաստանն ունեցավ ոչ կոմունիստական իշխանություն։
Հռչակագրի ընդունումից շուրջ 1 տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի արդյունքում ձևավորվեց Հայաստանի Հանրապետությունը:
Հայաստանը դարձավ ԽՍՀՄ անդամ պետություններից միակը, որ անկախություն ձեռք բերեց բոլոր իրավական փուլերն անցնելով և, ըստ էության, ԽՍՀՄ-ից անջատվեց օրենքի և իրավունքի տառը ամբողջությամբ պահպանած։