Քաղաքական

«Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ խաղաղության հասնելու հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից». վարչապետ

«Սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը ոչ թե սահմանների բացակայության մասին են վկայում, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ խորհրդային Հայաստանի և խորհրդային Ադրբեջանի միջև ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է որպես պետական սահման»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը՝ միմյանց 86․600 և 29․800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու պայմանավորվածությանը։ «Սպասում ենք Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը»,- ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ ի հեճուկս բոլոր բարդությունների, երկարաժամկետ, կայուն և տևական խաղաղություն հասնելու հնարավորություն ունենք. «Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ այդ հնարավորությունը նվազեցնելուն ուղղված քայլերից, ինչպես օրինակ՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շարունակական տորպեդահարումը, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և շաբաթվա սկզբին Լաչինի միջանցքից Կարմիր խաչի կողմից Երևան տեղափոխվող ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը»,- ասել է նա։