Քաղաքական

Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանն ամեն օր հրաժարվում է իր ստեղծած կեղծ նարատիվներից՝ կապված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ համակեցությամբ ապրելու պատրաստակամության հետ։ Այս մասին X-ում (նախկին Twitter) գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժօգնության համար Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները և տարել անհայտ ուղղությամբ։

Ո՛չ Խաչատրյանի հարազատները, ո՛չ ԿԽՄԿ-ի կամ ռուս խաղաղապահների ներկայացուցիչները տեղյակ չեն Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրի մասին։ Նրա ճակատագիրն այս պահի դրությամբ անհայտ է»,-գրել է նա։