Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս արձագանքել է Երևանից Արցախ հումանիտար օգնություն ուղարկելուն՝ այն որակելով որպես «սադրանք»։ 
«Չկարողանալով մարսել Ադրբեջանի կողմից սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կանխելու նպատակով ստեղծված Լաչինի սահմանային անցակետի գոյությունը՝ հայկական կողմը, առանց մեր երկրի համաձայնության, ավտոշարասյուններ է ուղարկում «մարդասիրական բեռի» անվան տակ, ինչը ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ և հերթական սադրանքը Լաչինի սահմանային անցակետի դեմ»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ հայկական կողմը նման քայլի է գնացել Մոսկվայի բանակցություններից անմիջապես հետո, որտեղ, ի թիվս այլ հարցերի, մանրամասն քննարկվել է ներկա իրավիճակը։
«Չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը ներկայացրել է մի շարք առաջարկներ, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործումը և հայ բնակիչների կարիքները հոգալու այլ այլընտրանքային ուղիներ, և այդ առաջարկներին աջակցել են Եվրամիությունը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, հայկական կողմը դեմ է եղել բոլոր առաջարկներին»,- ասված է հայտարարությունում։ 
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի հետ «սադրանքին մասնակցելու համար» մեղադրում է նաև Հայաստանում Եվրամիության առաքելությունը և դիվանագիտական կորպուսին՝ հայտարարելով, որ սա նախապես ծրագրված քայլ է։