Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններ՝ կետերով

Բաղրամյան 26-ում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Radar Armenia-ն ներկայացնում է Փաշինյանի մի շարք հայտարարությունները՝ կետերով։

  • Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ:
  • ԼՂ ժողովրդի իրավունքները և անվտանգությունը պետք է քննարկվեն ԼՂ ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու–Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։
  • Մեր պետության գոյության ողջ ընթացքում եղել ենք և գործել ենք կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ, որը, իմ կարծիքով, մեր մեծագույն պրոբլեմն է բոլոր առումներով:
  • Ստեփանակերտին Աղդամով օգնություն հասցնելու հարց չեմ  քննարկել, որովհետև չեմ կարծում ես ընդհանրապես նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ: Լաչինի միջանցքի հետ կապված մանդատ ունեմ, որովհետև  այն ստեղծվել է եռակողմ հայտարարությամբ, որի ստորագրողներից մեկը ես եմ:
  • Ակնկալիք ունեմ ՀՀ ԱԳ նախարարից և մյուս գործընկերներիցս, որ կկարողանան հնարավոր Խաղաղության պայմանագրի ևս մի քանի հոդված համաձայնեցնել և ինչ-որ լուծման հասնել Լաչինի միջանցքի բացման հարցում: 
  • ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու հարցը մեր հնարավոր գործիքակազմի մեջ է: Մենք նաև այդ ուղղությամբ ենք աշխատանքներ տանում, կապի մեջ ենք ՄԱԿ ԱԽ անդամ երկրների հետ և քննարկման փուլում ենք:
  • ՀՀ-ն քննարկում է ԼՂ հայության՝ սեփական տներում, սեփական երկրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը:
  • ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ. բնակչության զանգվածային սպանդը կանխելն է: Եթե ՌԴ-ն որոշի ԼՂ-ից դուրս գա, դա կնշանակի, որ այլևս նման վտանգ չկա:
  • Կարող ենք ասել ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Հայաստանը, Ադրբեջանը այս-այն բաները պիտի անեն, պետք է ձևակերպենք նաև՝ ԼՂ-ն ի՞նչ պետք է անի ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում: ԼՂ-ի իշխանություններն ունեն անելիք, մենք պատրաստ ենք նրանց աջակցել այդ ուղղությամբ: 
  • Պետք է դուրս գանք այն տրամաբանությունից, թե ամբողջ աշխարհը քնում ու արթնանում է՝ մտածելով ինչպես պետք է լուծենք ԼՂ-ի հարցը: Դա մեր խնդիրն է, մենք պետք է գտնենք խնդրի լուծման ձևերը, առաջին հերթին դա հենց մեզ է պետք: 
  • Մենք արդյո՞ք համաձայն ենք, ելնելով իրողություններից, այլ ոչ թե ցանկություններից, որ Հայաստանը, ինչպես նախորդ 30 տարիներին, առաջիկա ևս 10-15-30 տարիներին պետք է ապրի առճակատման ռեժիմում։
  • Եկեք արձանագրենք, որ 2020թ. պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը:
  • Եթե որևէ մեկն ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի կոնֆրոնտացիոն ռեժիմում ապրել ինքն, ըստ էության, ՀՀ պետականությունը, պետության գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը դնում է կասկածի տակ: 
  • Հասկանալի չեն ԼՂ-ում հնչող հայտարարությունները, որոնք բացառում են բանակցությունները Ադրբեջանի հետ:
  • Այն բանում, ինչում մեղադրում են ինձ մեր ընդդիմադիրները, ներքին տրամաբանական հակասություն ունի՝ մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ՝ չհանձնելու մեջ. մեկը մյուսին չեզոքացնում է, նաև այդ պատճառով մինչև հիմա ես վարչապետ եմ: 
  • Ունենք իշխանություն, որի ժողովրդի կողմից ընրված լինելը որևէ մեկի մոտ կասկածի տեղիք չի տալիս. միասնության ամենակարևոր չափանիշը դա է: 
  • Կարծում եմ՝ այս իրավիճակում էսկալացիան որևէ տրամաբանությամբ օգտակար լինել չի կարող: Պետք է փորձենք ամենասուր հարցերը նույնիսկ էսկալացիոն տրամաբանությունից դուրս դիտարկել և քննարկել: