«Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար»,- երկուշաբթի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
«Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների մերձեցումը և առաջընթացը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղ բանակցություններում։ Իրանը կենտրոնացած է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ իր վերջին հանդիպումն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, վերջին ամիսներին նրա հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ և այսօրվա հանդիպումը Հայաստանի արտգործնախարարի հետ կարող են դիտվել որպես տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ստեղծելու իրանական միջոցառումներ։
Նրա խոսքով՝ Թեհրանը կարծում է, որ հարևանների միջև խաղաղությունն ու անվտանգությունը համապատասխանում են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին։
«Հարավային Կովկասի տարածաշրջանը չպետք է վերածվի տարաձայնությունների ասպարեզի և իշխանության համար մրցակցության, քանի որ դա ձգձգում է տարածաշրջանում խաղաղությունը», - նշել է նա՝ հավելելով, որ կայուն խաղաղությունը պահանջում է կառավարությունների և ժողովուրդների միջև բարեկամական և հարթ երկխոսություն:
Նշելով, որ որոշ օտարերկրյա կողմեր ձգտում են շահարկել այս տարածաշրջանում առկա որոշ տարաձայնությունները, նա ասել է. «Մենք ողջունում ենք տարածաշրջանի երկրների միջև «3+3» ձևաչափը, և Իրանը հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ անցկացնելու այս հանդիպումը, որում կընդգրկվեն նաև Հայաստանը և Ադրբեջանը։