Այսօր գործադիրի նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամի պայմաններում հուլիսի 15-ին՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը՝ նշելով, որ ցավոք, այդ հանդիպմանը Լաչինի միջանցքի բացման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց։
Վարչապետի խոսքով՝ քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների օրակարգը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը։
«Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել՝ առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևուրումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է՝ ԼՂ-ում հայերի ապրելը անհնարին դարձնելու նպատակով։
Վարչապետը նաև հիշեցրեց ՄԱԿ արդարդատության դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը, որը մինչ օրս չի կատարվել։