Այսօր «Հետքը» հանդես է եկել հետաքննական հոդվածով, որի շրջանակներում նշում է, որ Ծաղկաձորում կառուցվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ փայ (բաժնեմաս) ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։
Ըստ «Հետք»-ի՝ «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ հիմնադիր բաժնետերերը չորսն են՝ Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը, Լևան Չիկովանին և Էդգար Ավագյանը (բոլորը` 25-ական % բաժնեմասով), իսկ Էդգար Ավագյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, նրա որդու կնքահայրը։ «Հետքը» պնդում է, որ իր ուսումնասիրությամբ հետևյալ եզրահանգմանն է եկել՝ դիմելով ԱԺ նախագահին․ «Հաշվի առնելով կառուցապատող ընկերության՝ առանց օրինական հիմքերի կառուցապատում իրականացնելու փաստը, Ծաղկաձորի քաղաքապետարանի անգործությունը, վարչապետին ենթակա ՔՏՀԱ տեսչական մարմնի մեղմ վարքագիծը, կառուցապատող ընկերությունում 25% բաժնեմաս ունեցող Էդգար Ավագյանի և ձեր փոխկապակցվածությունը՝ մենք եզրահանգում ենք, որ վերջինս ձեզ է ներկայացնում նշված ընկերությունում կամ ձեր հեղինակությունն է օգտագործվում անխոչընդոտ ապօրինի կառուցապատում իրականացնելու համար»։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է հրապարակմանը ֆեսյբուքյան գրառմամբ. «Եվս մեկ փուչիկ. հերթական նյութում մոտ մեկ տասնյակ անգամ շեշտվում է Ալեն Սիմոնյան անունը: Բնական է` ոչ մի փաստ, ոչ մի կապ, ոչ մի փաստաթուղթ, նույնիսկ ոչ մի բանավոր հղում, ոչ մի ՀԵՏՔ, միայն այն, որ մի քանի սեփականատերերից մեկը իմ երեխայի քավորն է և իմ վաղեմի ընկերը: Նման էժան մանիպուլյացիաները, դատարկ նյութերը ե՞րբ են ավարտվելու: Այսպիսի նյութերը վարկաբեկում են հետաքննական լրագրությունը, առանց փաստ մանիպուլյացիա է արվում, որը հետաքննության գաղափարի մեջ չի տեղավորվում: Լավ, լրագրողի նեղ անձնական դրդապատճառներն ինձ լավ հայտնի են, բա մեկը կողքից չի ասե՞լ՝ էս ի՞նչ փուչիկ ա»։