Հասարակություն

«Ես էլ Ձեր նման էմոցիոնալ կարող եմ ասել, որ պիտի ջրամբարներում շատ ջուր լիներ․ թող լիներ». Տերտերյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երեկ առաջին ընթերցման ժամանակ ելույթ ունենալիս ես ասացի, որ սխալ ուղով է գնում կառավարությունը, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում և հարց ուղղեցի, թե ինչքան ջուր է բաց թողնվել մինչև ոռոգման սեզոնը։ Ես պատասխան չստացա, որովհետև ոռոգման սեզոնն սկսվում է, ու արդեն ջուր չկա». իր ելույթն այսպես սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Խորհրդարանն այսօր էլ է քննարկում Սևանա լճից սահմանված 170 միլիոն խորանարդ մետրից ավելի ջրառ իրականացնելու վերաբերյալ նախագիծը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ մինչև ոռոգման սկսվելը պետք է ջրամբարներում բավականաչափ ջուր լինի։ Նա անդրադարձավ նաև ջրամբարաշինության ձախողումներին։

Խաչատրյանին արձագանքեց ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ նշելով, որ ջրառն սկսվել է մայիսի 14-ին, և դրանից առաջ Սևանից ոչ մի գրամ ջուր չի բաց թողնվել․ «Ձեր էմոցիոնալ ելույթի մի մասի հետ հաստատ համաձայն կլինեի, և ես էլ Ձեզ պես էմոցիոնալ կարող եմ ասել, որ պիտի ջրամբարներում շատ ջուր լիներ։ Թող լիներ, շատ լավ կլիներ, որ ջրամբարներում շատ ջուր լիներ։ Դուք գոնե քաջատեղյակ եք, որ մեր ջրամբարների ճնշող մեծամասնությունը հեղեղային է, հոսքային չէ։ Այդպես է ստացվել, որ մեր ջրամբարներում քիչ ջուր է հավաքվել»,- նկատեց նախարարի տեղակալը։

Անդրադառնալով ջրամբարաշինության ձախողումներին՝ Տերտերյանն ասաց, որ Կասպի ջրամբարի շինարարությունն արդեն սկսվել է։

Մանրամասները՝ տեսանյութում