Քաղաքական

Անվտանգության ոլորտում համագործացության մասով մենք այլևս սկսել ենք ինտենսիվ քննարկումը ԱՄՆ-ի հետ. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում անդրադարձել է նաև անվտանգության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը՝ նշելով, որ ընթանում են ինտենսիվ քննարկումներ։ 

«Մենք մտածում ենք նաև քննարկելու նոր տարբերակներ՝ ինչպես կարող ենք նոր համագործակցության դռներ բացել Միացյալ Նահանգների հետ անվտանգության ոլորտում համագործացության համար։ Այս մասով մեծ առաջընթաց ունենք։ Այս ոլորտը սիրում է հանգիստ աշխատանք, լուռ աշխատանք։ Արդյունքները երկարաժամկետ ավելի տեսանելի կլինեն։ Շատ կարևոր է, որ անվտանգության ոլորտում համագործացության մասով մենք այլևս սկսել ենք ինտենսիվ քննարկումը Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանը պատրաստ է այս առումով առաջ ընթանալու։ Ակնկալում ենք, որ Վաշինգտոնում այսօր, վաղը և մյուս օրը քննարկելու, թե ինչպես ենք այդ համագործակցությունը ամրապնդում և ընդլայնում»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Պատասխանելով հարցին՝ թե արդյոք Հայաստանի անդամակցությունը Ռուսաստանի առաջնորդած տնտեսական և ռազմական դաշինքներում չի խոչընդոտում ԱՄՆ-ի հետ համագործակցությանը՝ Գրիգորյանը նշում է, որ այս պահին որևէ խնդիր չկա այդ առումով, և որ Երևանն այսօր ձգտում է ընդլայնել ու զարգացնել երկկողմանի օրակարգը: