Հասարակություն

Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն կա. ԱԺ-ն քննարկում է նախագիծը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունն առաջարկում է Սևանա լճի ջրառի 170 միլիոն խորանարդ մետր չափաքանակը հասցնել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների լցվածությամբ, գետերի ջրատվությամբ։ Նախագիծը քննարկվում է այսօրվա ԱԺ արտահերթ նիստում։

Զեկուցող, ՏԿԵՆ փոխնախարար Վաչե Տերտերյանից ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե մինչ այս պահը ինչքան ջուր է բաց թողնվել Սևանա լճից և որքան է մտել լիճ․ պատգամավորին հետաքրքիր էր՝ էֆեկտի՞վ են օգտագործվում ջրային պաշարները, թե՞ ոչ։

«Այս տարի ջրառն սկսվել է իրականացվել մայիսի 14-ին․ շուրջ կես ամիս ավելի շուտ ենք սկսել ջրառը։ Մինչ այսօր Սևանից վերցրել ենք 82,3 միլիոն խորանարդ մետր։ Արփա-Սևան թունելի հիդրոտեխնիկական համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81,38 միլիոն խորանարդ մետր»,- ասաց Տերտերյանը։