Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է․ ԼՂ մատակարարումներ չեն իրականացվում, ընդ որում՝ այդ հնարավորությունից զրկված են նաև ռուս խաղաղապահները. «Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես»,- ասել է նա։
Այս համատեքստում նա շեշտել է, որ ադրբեջանական հռետորաբանությունն ու քարոզչությունը՝ հատկապես ԼՂ ուղղությամբ, շարունակաբար սրվում են. «Ադրբեջանի կողմից չեն դադարում Հայաստանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքները։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել՝ ԼՂ-ից դուրս բերել հայաստանյան բանակի ստորաբաժանումներն՝ այն դեպքում, երբ Հայաստանը ԼՂ-ում զորք չունի։
Արձանագրում եմ ևս մեկ անգամ. ԼՂ-ում Հայաստանի բանակ չկա։
ԼՂ-ում գործում է ԼՂ պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը ԼՂ հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է։ Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում ԼՂ-ում»,- նշել է նա։