«Մենք հատկապես պատմամշակութային հուշարձանների առումով շատ ավելի խիստ մոտեցում և վերաբերմունք ունենք»,- ավագանու նիստին հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի ազգային պատկերասրահի կամարի տակ նման կրպակ է եղել, որը սակայն, քանդվեց. «Բոլորիս աչքի փուշն էր տարիներ շարունակ»։
Նա նշել է, որ ԿԳՄՍ նախարարության հետ այս հարցում աշխատում են ինտենսիվ և համակարգված. «Համարում ենք, որ պատմամշակութային հուշարձաններին կից, դրանց գլխին կառույց սարքելը, պատշգամբներ առաջ տալը, որ, միգուցե, ինչ-որ իրավական ճանապարհներով կարող են հիմնավորվել, թե սեփականատերերն իրենք են, իրավունքներ ունեն և այլն, պետք է ասել՝ չունես իրավունք։ Ուզում եմ բոլորին տեղեկացնել՝ ոչ մի իրավունք չունեն այդ շենքերի նկատմամբ, մենք էլ քանդելու ենք»։
Ինչ վերաբերում է ոչ պատմամշակութային շինություններին՝ Ավինյանը նշեց, թե կանխարգելիչ միջոցառումներ լինում են։