ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանությունների և ԵՄ ներկայացուցչության դիմաց նստացույց հայտարարելու նպատակը երկակի ստանդարտներին վերջ դնելն է։
«Արցախը գտնվում է հումանիտար աղետի, էթնիկ զտման առջև։ Միջազգային հանրությունը բավարարվում է լոկ հայտարարություններով, երբեմն՝ ընդունած բանաձևերով, բայց դրա արդյունքում Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ և կանգնած է ցեղասպանության վտանգի առջև», - ասել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ կարևորում է ռուս խաղաղապահների առաքելությունն Արցախում։
«Կարծում ենք, որ պետք է քննարկվի ռուս խաղաղապահների առաքելության ժամկետի երկարացման հարցը։ Բայց, սրանով հանդերձ, մենք ունենք շատ հստակ պահանջ, որովհետև այդ խաղաղապահ ուժերի առաքելությունն է՝ ապահովել Լաչինի միջանցքով անխափան ընթացքը», - նշել է նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ևս խոսել է ՌԴ-ից ակնկալիքներից. «Ռուսական կողմից ակնկալիքը շատ ավելի առանձնահատուկ է՝ հաշվի առնելով, որ այսօր, Հայաստանի՝ ձեռքերը լվանալուց հետո, Արցախի անվտանգության երաշխավորը մնացել են ռուս խաղաղապահները, որոնց ներկայությունը եզակի անվտանգության երաշխիք է Արցախի Հանրապետության համար։ Ադրբեջանի քաղաքականությունը փաստում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կենսականորեն անհրաժեշտ է լինելու՝ արցախահայության էթնիկ զտումը կանխելու համար»։
Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն այսօր առավոտից մեկօրյա նստացույց է սկսել Հայաստանում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։