Այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովում Անդրանիկ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ 2020թ․ ԱԱԾ-ն, հետախուզական ծառայությունը հստակ տեղեկություններ ունեցե՞լ են սպասվող պատերազմի մասին՝ մոտավոր ամսաթիվ, ուժեր, ուղղություններ, մանրամասներ։ Քոչարյանը հայտնեց նաև, որ այն ժամանակվա ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում ասել է, որ զինված ուժերը մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով 2020թ․ սեպտեմբերի 25-ի ստացված «F16» կործանիչների օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղը ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն։
Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ սեպտեմբերի 25-ի տեղեկությունն իրեն զեկուցվել է․ «Բայց մեր ինստիտուտները մինչև ամսի 25-ը 30% են գնահատել պատերազմի հավանականությունը, և այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև մի շարք այլ տվյալների, միջազգային գործընկերների ունեցած շփումների և այլնի արդյունքում։ Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30% է, և այդ պայմաններում հավանականություն կա, որ դա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ իշխանությունը գնա անհամաչափ զիջումների»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս թեմայի վերաբերյալ դռնփակ հատվածում տեղեկություններ կտրամադրի։
ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ հետաքրքրվեց՝ վերոնշյալ հարցը ռազմավարական դաշնակցի հետ քննարկվե՞լ է, քանի որ նրանք ավելի մեծ հետախուզական ծառայություն ունեն։
Փաշինյանն ասաց, որ այդ թեմայով անձամբ քննարկումներ չի ունեցել, բայց նշեց, որ իրեն մի քանի անգամ զեկուցվել է, որ Հայաստանի միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են արել, որ Հայաստանի զինված ուժերը կտրուկ գործողություններ չիրականացնեն՝ «չեղած տեղից» պատերազմ չսադրելու համար․
«Կարծում եմ՝ ԶՈւ ԳՇ-ի զեկույցն ինձ նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել։ Ուզում եմ բաց և անկեղծ լինել՝ ես անձամբ այդ գնահատականի հետ համաձայն չէի։ Իհարկե, միշտ իմ հրահանգը եղել է այն, որ պետք է ապահովել բարձր զգոնություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։