Քաղաքական

ՀՅԴ-ն նստացույց է սկսել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների մոտ

ՀՅԴ-ն այսօր առավոտից մեկօրյա նստացույց է սկսել ՀՀ-ում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Նրանց ակցիան կրում է SOS Artsakh խորագիրը։

ՌԴ դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը նշել է. «Տվյալ դեպքում ՌԴ-ն, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է եւ ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներկայությունն այսօր, ցավոք սրտի, միակ անվտանգային երաշխավորն է եւ առաջիկա տարիներին էլ ՌԴ զորքերի ներկայությունը Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար, բայց Ադրբեջանը այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»։

Նստացույցի մասնակիցների պնդմամբ, իրենց նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։