Հարցին՝ արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարմանն ի պատասխան Հայաստանն ունի՞ այլ քայլեր՝ այնտեղ բնակվող մարդկանց խնդրի լուծմանը հասնելու համար, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասել է. «Մենք այլընտրանքային քայլեր անում ենք․ այնպես չէ, որ սպասում ենք միջազգային դատարանի որոշման կատարմանը»։
Ըստ նրա՝ այդ դատարանի որոշումը քայլերից մեկն է, որը զսպող դեր ունեցավ. «Ժամանակին, երբ Ադրբեջանը խոսում էր Արցախի վերաբերյալ ՄԱԿ չորս բանաձևերի մասին, ասում էին՝ դրանք բանաձևեր են, որ հողի վրա որևէ ազդեցություն չունեն։ Սակայն տարիներ անց Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց, և միջազգային հանրությունն, այդ բանաձևերը դնելով գործողության տակ, լուռ մնաց։ Մեր ժողովուրդն էլ լքված էր զգում իրեն, ասում էր՝ ո՞նց է, որ աշխարհը լուռ է։ Այ, էդ միջազգային բանաձևերի հիման վրա»։
Ալեն Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանը որևէ կերպ չի պատրաստվում պատերազմի. «Չենք պատրաստվում ռազմական գործողություններ ծավալել։ Միջազգային բոլոր հնարավոր մեխանիզմներով պետք է հասնենք նրան, որ Ադրբեջանի հետ երկարատև, վստահելի, միջազգային հեղինակավոր որևէ երկրի, կառույցի, ֆորմատի ներքո պայմանագիր կնքվի, և ապահովենք ԼՂ-ում բնակվող հայ ժողովրդի իրավունքների և ազատությունների իրականացումը»։