Քաղաքական

«Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, որ անհնար են համարում ԼՂ հայերին լրացուցիչ երաշխիքներ տալը։

Ըստ Սիմոնյանի՝ նման հայտարարությունը հենց իրենց է վնասում. «Նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որ տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ էր դարձել, չեն լուծում։ Դա իրականությունից փախչել է»,- ասել է նա՝ հավելելով, որ վստահ է՝ ինչ-որ փուլի ադրբեջանը կգնա այդ հարցի լուծմանը․ «Հիմա, կարծում եմ, բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու և բանակցային սկզբնական փուլից առաջ ետքայլերի հնարավորության մասին է»։

Սիմոնյանը կարևորում է միջազգային երաշխիքների հարցը. «Այդ հարցը չի կարող մոռացության մատնվել։ Սա ինքնախաբեություն է․ եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեության, Հայաստանը պատրաստ չէ»։

Նա շեշտեց, որ եթե ԼՂ հայության իրավունքների միջազգային երաշխիքների հարցով պայմանավորվածության չգան, հարցը չի լուծվի: ԱԺ նախագահը նաև հիշեցրել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ևս չի կատարվում. «Երաշխիք հանդիսացող երկիրը գործողություններ չի ուզում կամ չի կարողանում անել։ Ես հիմա վստահ չեմ, որ հիմա մենք դա խաղաղության պայմանագրում  պետք է ամրագրենք, այլ ոչ թե մեկ այլ փաստաթղթում, որ որևէ երկիր կամ երկրներ երաշխավոր պետք է հանդիսանան։ Եթե այս հարցը չներառվեց ու չքննարկվեց, եթե այս հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասն անիմաստ խոսակցություններ են»։